Ռուբեն Խանազատ

Ռուբեն ԽանազատՄարքսիստական սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչ Ռուբեն Խանազատը լուրջ դերակատարում է ունեցել հայ ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքում:

Հատկապես հետաքրքիր են նրա աշխատությունները, որոնցից ամենանշանավորների հիմնական բովանդակությունը ներկայացնում ենք ստորև:

«Ի՞նչ է սահմանադրությունը»

Իր «Ի՞նչ է սահմանադրությունը» աշխատությունում Խանազատը սահմանադրությունը ընդունում է որպես պետության հիմնական օրենքների ամբողջություն, որը տարբերվում է մյուս ոչ հիմնական օրենքներից: Ոչ հիմնական օրենքները կարող են մշտապես փոփոխվել, փոխարինվել նորերով, իսկ սահմանադրական օրենքները ամեն տարի մշակել և փոփոխության ենթարկել հնարավոր չէ: Խանազատը շեշտում է այն հանգամանքը, որ ոչ սահմանադրական օրենքները փոփոխվում են խաղաղ ճանապարհով, առանց աղմուկի, մինչդեռ սահմանադրական օրենքները մշակելու ժամանակ երկիրն իրարանցման մեջ է ընկնում, և նույնիսկ գործը արյունահեղության կարող է հասնել: Եվ հենց արյան գնով հասած փոփոխություններն են, որ Խանազատն անվանում է «հեղափոխություն»:

Ի՞նչ է սահմանադրությունը և ի՞նչն է այն պայմանավորում: Այս հարցերին պատասխանելու համար Խանազատն իր աշխատության մեջ նշում է. «Եթե մի երկրում մի հրդեհ լինի, որը ոչնչացնի բոլոր օրենսդրական գրքերը, հիմնական օրենքները, այդ ժամանակ կարո՞ղ է արդյոք այդ երկրի կառավարությունը այլ հիմնական օրենքներ խմբագրել»: Խանազատը քաղաքական կազմը ընդունում է որպես երկրում գոյություն ունեցող իրական ուժերից և նրանց միջև եղած հարաբերություններից կազմված մեխանիզմ: Այդ ուժերից յուրաքանչյուրը ձեռք է բերում իրավունքներ և պարտավորություններ: Պետությունը չի կարող էվոլյուցիա ապրել, եթե երկրի հիմնական օրենքները համապատասխան չեն իրական ուժերին և նրանց հարաբերություններին: Տարբեր երկրների հիմնական օրենքները տարբեր են, զարգանում են տարբեր չափով, այդ պատճառով էլ չի կարելի, օրինակ, գերմանական սահմանադրությունը փոխարինել ֆրանսիականով: Ըստ Խանազատի՝ պետությունում «իրական ուժեր և նրանց հարաբերություններ» ասելով` պետք է հասկանալ ժողովրդի զանազան դասակարգերի նյութական, ֆիզիկական և բարոյական ուժերը և դասակարգերի միջև հարաբերությունները:

Հեղինակն անդրադառնում է նաև այն հանգամանքին, որ երբ երկրում տեղի ունեցող էվոլյուցիայի և իրական ուժերի փոփոխությունների հետ գրեթե միաժամանակ փոփոխվում է նաև երկրի սահմանադրությունը, այդ ժամանակ դասակարգերի միջև եղած բախումները թույլ բնույթ են ստանում և հարկ չի լինում սահմանադրությունը գրավոր դարձնել. մինչև 19-րդ դարը ոչ մի տեղ սահմանադրություն չի եղել, իսկ Անգլիան մինչև այսօր էլ գրավոր սահմանադրություն չունի:

«Իդեալիզմ թե՝ մատերիալիզմ»

Խանազատը իր՝ «Իդեալիզմ, թե՝ մատերիալիզմ» հոդվածում անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսին է մտածողների և գիտնականների դերը հասարակության մեջ և ինչպես են նրանք փորձում լուծում տալ խնդիրներին, որոնք առկա էին հասարակությունում: Դեռ հին ժամանակներից սկսած` զանազան մտածողներ աշխատել են իմանալ, թե ինչպես է ընթանում մարդկային պատմությունը: Հեղինակը անդրադարձ է կատարում առաջադիմության խնդրին և հարց առաջ քաշում, թե արդյոք վերջինս դեպի բարօրություն, թե խեղճություն է տանում: Քաղաքակրթվածները իրենց ավելի վատ ու ոչ երջանիկ են զգում, քան ավելի ցածր աստիճանի վրա գտնվող ցեղերը:

Այս ամենը տեսնելով` ծնվում են մի քանի հարցեր, որոնց Խանազատն անդրադառնում է: Ինչի՞ց է, որ մարդկության մի մասի մոտ կյանքը գնալով հեշտանում է, իսկ մյուս մասը գնալով ավելի է թշվառանում: Չի՞ կարելի արդյոք հասարակության «անոմալիայի» առաջն առնել և մարդկային տառապանքներին վերջ դնել: Ու հենց այստեղ էլ առաջ են գալիս մտածողներն ու գիտնականները, ովքեր սկսում են ուսումնասիրել մարդկության պատմությունը և գտնել նշված հարցերի պատասխանները: Իսկ պատասխանները գտնելուց հետո նրանց խնդիրն է դառնում երկրի իշխանություններին ուղիներ ցույց տալ՝ այդ սխալներն ուղղելու համար: Սակայն Խանազատը նշում է, որ մինչ գիտնականներից յուրաքանչյուրը պնդում էր իր առաջարկած տարբերակի ճշմարտացիությունը և հատորներ էին գրվում, հասարակությունը շարունակում էր զարգանալ: Ճորտատիրությանը փոխարինելու է գալիս կապիտալիստական հասարակարգը և սա, ինչպես նշում է հեղինակը, ոչ թե գիտնականների քարոզած մտքերի շնորհիվ, այլ արդյունաբերական միջոցների ու տեխնիկայի զարգացման: Սակայն հասարակարգի փոփոխությունը կյանքի ավելի լավ պայմանների չբերեց, այլ ավելի շատ խեղճություն ու թշվառություն բերեց: Այս շրջանում էր, որ սկսվեցին հասարակական գիտությունների նոր ուսումնասիրություններ, և գիտնականները իրենց ուսումնասիրությունները ոչ միայն իշխանություններին էին ներկայացնում, այլ նաև ժողովրդին: Նրանց հրահրում էին ընդհանուր ուժերով արհեստանոցներ հիմնել, որտեղ բոլորը կաշխատեին հավասարապես, և արդյունաբերությունը կբաժանեին հավասարապես:

Խանազատը գրում է, որ այս ամենը չօգնեց հասարակությունում դրական փոփոխություններ բերելուն, քանի որ կապիտալիստական արդյունաբերությունը գնալով զարգացավ, խոշոր արդյունաբերությունը տապալեց բոլոր ընկերական հիմունքներով կազմված, մասնավոր արդյունաբերական ձեռնարկությունները: Սակայն գիտնականների դերը այդ ամենից չէր նվազում և նրանք չէին կորցնում իրենց դիրքը, քանի որ նրանց կողմից առաջ քաշված գաղափարները շատ կարևոր են մարդկային միտքը մշակելու գործում:

Հեղինակը գրում է նաև, թե ինչպես է Արևմտյան Եվրոպայի իդեալիզմը անդրադաձել ռուս գրականության զարգացման վրա: Նա նշում է, որ ռուս գրականության աճը սկսվեց 40-ական թվականներին, երբ Արևմտյան Եվրոպայի հեղափոխական շարժումներից ոգևորված ռուս երիտասարդությունը սկսեց բուռն աշխատել ճորտերի ազատության համար: Բելիսկու, Հերցենի, Գրանովսկիի աշխատությունները անհատական ազատություն էին քարոզում:

Այդ ժամանակների ռուս հասարակական գործիչները 2 կուսակցությունների էին բաժանվել`

  • «Ազատամիտներ» (առավել հայտնի էին «Արևմտյան» անունով:
  • «Սլավիանոֆիլներ»

Այս երկու կուսակցությունների գլխավոր տարբերությունն այն էր, որ «արևմտականները» պնդում էին, թե ռուս ժողովուրդը, եվրոպական ազգերի մի ընտանիքը լինելով, ենթարկվում է միևնույն պատմական օրենքներին, հետևաբար այն նույնպես պետք է անցնի զարգացման այն ճանապարհով, որով անցել էին եվրոպական ազգերը: Իսկ սլավիանոֆիլները ընդունում էին անհատի ներգործող դերը ազգերի պատմության մեջ և փաստերով հաստատում, թե սլավոնական ազգը շատ կողմերով տարբերվում է ֆրանսիացիներից, գերմանացիներից, ուստի այն պետք է այլ կերպ զարգանա ու առաջադիմի:

Ըստ Խանազատի` հետագայում «արևմտականները» տեսնում են, թե ինչպես արևմտյան երկրներում արդյունաբերության զարգացումով բազմանում է քաղցած պրոլետարիատը, ապականվում են ժողովրդի բարքերը: Նրանք տեսնում են, որ այդ ազգերի առաջադիմության ուղին այնքան էլ լավը չէ և վախենում են, որ միգուցե Ռուսաստանն էլ այդ ճանապարհով ընթանա: Այդ պատճառով նրանք սկսում են իրենց եվրոպացի ուսուցիչների հետ այլևս չհամաձայնել: Նրանք սկսում են ուսուցիչներ ընտրել ավելի հետամնաց առաջադիմություն ունեցողներից:

Հեղինակն աշխատությունում նշում է նաև, որ կապիտալիստական արդյունաբերությունը, վիթխարի գործարաններն ու մեքենաները այնպիսի պայմաններ էին դրել կյանքի առջև, որ այլևս անհնար էր ճորտությունը պահպանել: Մատերիալիզմը ցույց էր տալիս, թե ինչպես է կապիտալիստական արդյունաբերության համակարգը առաջացնում և հետզհետե զարգացնում այնպիսի, առաջվանից տարբեր ու բոլորովին նոր տնտեսական, հասարակական ու սոցիալական պայմաններ, որոնք երկակի դեր էին կատարում. մի կողմից քայքայում են հին նահապետական կարգերը, իսկ մյուս կողմից` առավել նոր տնտեսական ու հասարակական կազմակերպության համար հիմք պատրաստում:

Ռուսաստանում այս փոփոխությունների առաջ գալուն խոչընդոտում էին ռուս ժողովրդականները: Սակայն պատմությունը Ռուսաստանում էլ սկսեց իր գծած ուղով ընթանալ, և այդ երկիրն էլ անցավ խոր արդյունաբերական երկրների շարքին:


Օգտագործված աղբյուրները տե՛ս այստեղ՝ 
Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն. 19րդ դարավերջ-20րդ դարասկիզբ», Երևան, 2013

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: