Գրիգոր Արծրունի

Գրիգոր Արծրունի«Մշակ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գրիգոր Արծրունին եղել է լուրջ հասարակագետ և գրաքննադատ։ Թեպետ միայն օրաթերթի հիմնադրումն արդեն բավական կարևոր ներդրում էր հայ սոցիոլոգիական մտքի զարգացման հարցում՝ այն որպես սոցիալական իրականությունը ներկայացնելու հարթակ ծառայելու տեսանկյունից, այդուամենայնիվ Արծրունին ունեցել է մի շարք այլ, նույնպես կարևոր ներդրումներ ևս։ Գրել և հրապարակել է մի քանի տասնյակ հոդվածներ և աշխատություններ։

Ձեզ ենք ներկայացնում Արծրունու հիմնական աշխատությունների և հոդվածների հակիրճ բովանդակությունը: Ինչպես նաև կարող եք ծանոթանալ հեղինակի կրթական և քաղաքական հայացքներին:

«Գերդաստանի ազդեցություն և համալսարան»

Արծրունին գտնում էր, որ մարդու համար ավելի արդյունավետ է, որ նա համալսարանական կրթություն ստանա իր ընտանիքից հեռու: Մարդը, փոխելով իր ապրելավայրը, շրջապատը, հնարավորություն է ստանում ավելի զարգանալ, դառնալ ինքնուրույն, ազատ լինել: Զարգանալու համար հարկավոր է ոչ միայն սովորել, այլև մոռանալ, հատկապես գերդաստանում ստացած թյուր մտքերը, բարքերի ու վարքի կոպտությունը և մանկուց եկած նախապաշարմունքները: Իր ուսման ժամանակ ծնողների հետ ապրելով, այլ մարդկանց հետ չշփվելով երիտասարդը չի կարող ազատվել իր նախապաշարմունքներից: Նա, ուսում ստանալով այլ վայրում, կկարողանա համեմատություն անցկացնել և լավը վատից տարբերել: Արծրունին գտնում էր, որ երիտասարդի զարգացման համար առաջին խթանը անկախությունն է: Հայ հասարակության զարգացման համար ավելի նպատակահարմար էր համարում կրթություն ստանալ Ռուսաստանում կամ արտասահմանում` վերջիններիս հասարակությունները առավել զարգացած համարելով: Իսկ իր հայրենակիցներից շատ հարուստ մարդիկ ցանկություն էին հայտնում համալսարան ունենալ իրենց քաղաքում, իսկ նա պատասխանում էր. «Փոխանակ Թիֆլիսում համալսարան ցանկանաւլու, թող այն շատը, թող այն ավելորդ փողերը նոքա գործ դնեն իւրանց հայրենակիցներից աղքատ երիտասարդներին օգնելու, նոցա ուրիշ երկիրներ ուղարկելու, որ նոքա ուսում առնեն, զանազան համալսարանների մեջ, որ յետ դառնալով նոքա իւրանց հասարակութեանը օգտաւէտ կարողանային լինել… »:

«Հասարակական կրթություն»

Կենդանիների և բույսերի օրգանիզմները բաղկացած են մասերից, որոնք տարբեր ֆունկցիաներ են կատարում: Արծրունին գտնում էր, որ հասարակությունը կարող ենք դիտել որպես օրգանիզմ, որը բաղկացած է անհատներից, որոնք, հասարակական կյանքում տարբեր պաշտոններ կատարելով, հասարակության տարբեր դասեր են կազմում: Նրանք միևնույն ժամանակ ձգտում են ապահովել իրենց պաշտոնների բևեռային երևույթների հավասարակշռությունը: Նույն կերպ կրթությունը պետք է օրգանական ձևով զարգանա: Նա գտնում էր, որ հասարակության բոլոր դասակարգերը պետք է կրթված լինեն, որպեսզի ամբողջ ժողովուրդը մասնակցի հասարակական և քաղաքական կյանքին:

Հասարակական կրթության հիմքը ժողովրդական կրթությունն է: Եվ նա վկայակոչում էր բարձր աստիճանին հասած ազգերի պարտադիր և անվճար կրթությունը: Բոլորը չեն, որ ցանկանում են սկզբնական կրթությունից հետո ուսումը շարունակել, բայց քանի որ ամեն օր ծնվում են նոր գաղափարներ, նոր մտքեր, հասարակական հարցերը հասկանալու համար, կամ իր դասի և իր անձի օգուտները պաշտպանելու համար բավական չէ սկզբնական դաստիարակությունը: Հարկավոր է մի ընդհանուր կրթություն, որ տարածվի ամբողջ ժողովրդի վրա: Իսկ ընդհանուր կրթություն տարածելու զորեղ միջոց համարում է օրագրությունը, որը մեկնում է ժողովրդին հասարակական և քաղաքական երևույթները, ուղղություն տալիս հասարակական կարծիքին, որը նյութական աշխատանքին նվիրված մարդուն անդադար ուղղում է, թույլ է տալիս ուսումնարանը թողնելուց հետո ևս դաստիարակվել:

Արծրունին հասարակական կրթությունը բաժանում էր երեք տիպերի՝

  • սկզբնական դաստիարակություն կամ դասատվություն (կատարվում է գլխավորապես ուսումնարանների միջոցով` տարրական և երկրորդական),
  • կոչում (համալսարաների և բազմաարհեստական ուսումնարանների միջոցով),
  • ընդհանուր կրթություն (իրագործվում է գլխավորապես օրագրության միջոցով):
«Կրկին համալսարանի մասին»

Գրիգոր Արծրունու «Գերդաստանի ազդեցություն և համալսարան» հոդվածը քննադատվել է շատերի կողմից: Վերջիններս ընդունում էին, որ այնտեղ լավ մտքեր են պարունակվում, բայց միտք էին հայտնում, որ ավելի լավ կլիներ, եթե Արծրունին նշեր, որ խոսում է համեմատաբար: Այսինքնեթե Թիֆլիսում հիմնվեր համալսարան, ճիշտ է այն օգտավետ կլիներ, բայց ոչ` այն աստիճան, որքան Պետերբուրգի համալսարանը:

Գրիգոր Արծրունին նշում է, որ հասարակությունը լավ կամ վատ ազդեցություն է ունենում աշակերտների և ուսանողների վրա: Նա ասում է, որ մեր երկրում ուսումնարաններ հիմնելով` փոքր ինչ զարգացնում ենք մեր ժողովրդին, բայց նրանք ավելի բարձր զարգացվածության աստիճանի կհասնեն, եթե ուսանեն այլ երկրում, քանի որ այդ օտար հասարակությունը մեր հասարակությունից զարգացած է, և երիտասարդները ստիպված չեն լինի մնալ նման չզարգացած հասարակության ազդեցության տակ:

Գրիգոր Արծրունին ևս մեկ պատճառ ուներ չցանկանալու, որ Թիֆլիսում համալսարան բացվեր: Ըստ նրաերիտասարդներից նրանք, ովքեր ապահովված էին, էլ չէին գնա ուսանելու այլ երկրներ իրենց ծուլության և ծնողների խստության պատճառով, որոնք իսկապես չէի հասկանում ուսման օգուտները: Նրանք իրենց երեխաներին ուղարկում էին համալսարան այն պատճառով, որ այդպես «մոդա» էր: Ապահովված ծնողների մեծ մասը չէր ցանկանում իրենց երեխաներին ուղարկել ուսման այն պատճառով, որպեսզի նրանց հնազանդության մեջ պահեր: Արծրունին, վկայակոչելով ֆրանսիացիների օրինակը, դեմ է մեկ համալսարան ունենալ բոլոր ֆակուլտետներով: Ըստ նրա պետք է բաժինները հարմարեցված լինեն արտաքին միջավայրին: Օրինակ՝ մեծ կենտրոններում պետք է լինեն իրավաբանական և լեզվագիտական բաժիններ, իսկ այնտեղ, որտեղ հարուստ բնական պաշարներ կան, ավելի նպատակահարմար է հիմնել բնագիտական բաժին:

Ըստ հեղինակիզարգացած երկրում ուսանելը ունի մեծ առավելություն. այնտեղ սովորելով ուսանողը հնարավորություն ունի դասախոսի հետ խոսելու այդ օրվա նյութի մասին, վիճելու նրա հետհայտնելով իր կարծիքը, ծանոթանալու այլ մասնագետների հետ. այս ամենը նրան կօգնի իր անձնական մտավոր համոզմունքները զարգացնել, կարդալ իր մասնագիտության վերաբերյալ գրականություն, ինչի հնարավորությունը չի ունենա մեր երկրում, քանի որ չկան գրատուններ: Այսպիսով եթե Թիֆլիսում հիմնվեր համալսարան, երիտասարդները չէին կարողանա հիմնավորապես պարապել իրենց ուսմամբ, որովհետև գործնական միջոցներ չկային: Նրանք չէին կարող բացված լինել, որովհետև չէին ունենա միջոցներ, ինչպես օտար երկրում և վերջապես նրանք չէին կարողանա ազատվել նախապաշարմունքներից, քանի որ ստիպված կլինեին տգետ և նախապաշարված ծնողների ազդեցության տակ մնալ:

«Երկու խոսք աղջկերանց դաստիարակության վերայ»

Գրիգոր Արծրունին քննադատում է իր ժամանակաշրջանում առկա կրթական համակարգը՝ նշելով, որ հայերի կարծիքով իրենց աղջիկների համար կրթված լինել նշանակում է դաշնամուր նվագել, ֆրանսերեն իմանալ, լավ ճաշակ ունենալ շորեր ընտրելու հարցում և ամենակարևորը` լուռ լինել: Ըստ նրա՝ պահանջում ենք կնոջից, որ նա օգուտ բերի հասարակությանը, բայց այս կերպ կրթված կինը երբեք չի կարող ծառայել հասարակությանը:

Արծրունին առանձնացնում է աղջիկների կրթության երկու տեսակ՝ տնային և հասարակական: Հասարակական կրթություն ստանում են դպրոցներում և պանսիոններում, որտեղ աղջիկները մեծ աշխատասիրությամբ սովորում են իրենց դասերը, լցնում իրենց գլուխները դատարկ բաներով, մեկ առ մեկ անգիր անում գրքի խոսքերը առանց նրանց միտքն էլ հասկանալու, իսկ վարժապետները նրանց չեն մեկնում այդ խոսքերի իրական իմաստը: Իսկ այն աղջիկը, ով կցանկանա դատողություններ անել այդ նյութի վրա, կհամարվի հիմար: Այդքան սովորելուց հետո նրանք պատկերացում չեն ունենում կնոջ կոչման կամ մոր պարտականությունների մասին. սա ոչ միայն չի զարգացնում նրանց սեփական դատողությունը, այլև շատ հաճախ նրանց մեջ սպանում է բնական միտքը: Ցածր դասի կանայք ավելի բարձր են այս տեսակ կրթվածներից, նրանք ունեն իրենց բնական խելքը:

Ինչ վերաբերում է տնային կրթությանը, այն հասարակականից անգամ ավելի վատ է: Ըստ Արծրունու՝ մենք չունենք հստակ կրթության ձև. այն եվրոպականի և ասիականի խառնուրդ է: Երեխաները չեն ունենում մտածելու և գործելու ազատություն: Գերդաստանի հայրը նույն ասիական հրամայողն է: Տղաները շուտ են ազատվում այս ազդեցությունից, իսկ աղջիկները շատ անգամ մինչև կյանքի վերջ չեն կարողանում ազատվել այս վատ ներգործությունից: Ինչպես նաև տնային դաստիարակությունը զրկում է մարդկանց ընկերությունից, քանի որ չեն կարողանում շփվել այլոց հետ:

Խոսելով կնոջ և տղամարդու դերերի մասին՝ Արծրունին նշում է. «Տղամարդու դերը հասարակության մեջ հրապարակավ խոսելն է, քաղաքականությանը ծառայելը, իսկ կնոջ դերը՝ երեխաներին դաստիարակելը: Տղամարդը իր ներգործությունն է ունենում բազմության վրա, իսկ կինը առանձին անհատների, բայց անհատներից է կազմվում և հասարակությունը: Կինը կատարում է առանձին անհատի հոգևոր և մտավոր դաստիարակչի պաշտոն և դրա համար նա պետք է մարդու կազմվածքի վերաբերյալ տեղեկություններ ունենա»: Այսպիսով՝ Արծրունին հանգում է նրան, որ եթե կամենում ենք, որ կինը օգուտ բերի հասարակությանը, պետք է փոխենք նրա կրթության ուղղությունը՝ ուսուցանելով բնական գիտություններ, ծանոթացնելով նրանց բնության հետ և առաջացնելով բնական և ուղիղ հայացք կյանքի վրա, զերծ պահելով նախապաշարմունքներից:

«Ինչ է կնամարդը»

Գրիգոր Արծրունին պայքարել է նաև հանուն գենդերային հավասարության: Արծրունին իր աշխատությունում գրում է, որ ազգի լուսավորության աստիճանը իմանալու համար բավական է ուշադրություն դարձնել ազգի կանանց դրության վրա: Եթե ազգը լուսավորության մեծ աստիճանի չի հասել, այդ ազգի կանայք ազատություն չունեն թե ընտանեկան, թե հասարակական կյանքի մեջ: Եվ հետևություն` ինչքան լավ է կանանց դրությունը, այնքան լուսավորված է ազգը:

Արծրունին կնոջ կյանքը ներկայացնում է 3 շրջանով՝

  1. դաստիարակություն. խոսքը հայրական տանը ստացած դաստիարակության մասին է,
  2. կին դառնալ. չպետք է մոռանալ այն փաստը, որ հույները առաջինը սկսեցին տեսնել աղջկա մեջ արժանիքներ. առաջինը գեղեցկությունն էր, իսկ երկրորդը’ անմեղությունը, բայց կին դառնալուց հետո նրա դրությունը փոխվում էր,
  3. մայր դառնալ. Արծրունին իր հոդվածներից մեկում նշում է, որ «Երեխաների դաստիարակությունը մոր պարտականությունն է»: Բայց հայրը կարող էր մորը ստորացնել երեխաների աչքի առաջ: Կինը մայր դարձավ, բայց հետո էլ նրա դրությունը չփոխվեց:

Արծրունին համարում է, որ կանանց մշտապես պահել են ստրկության մեջ: «Աղջիկները մայրեր պետք է դառնան, պետք է երեխաներ դաստիարակեն, ապա ինչ դաստիարակություն կարող են տալ, եթե նրանք սեփական անկախ միտք չունեն, եթե նրանք ստրուկներ են…»:

«Կնոջ դերը լուսավորության զարգացման մեջ»

Արծրունին բազմիցս է անդրադարձել կնոջ և տղամարդու իրավահավասարության խնդրին: Նախ և առաջ այդ հավասարությունը նա քրիստոնեության մեջ է տեսնում, քանի որ այն կնոջը չի արհամարհում, նրան անընդունակ չի համարում: Մինչդեռ գիտության քահանաները՝ գիտնականները, չեն հասկացել արդարությունը: Նախապաշարմունքներից ազատվելու փոխարեն գիտությունը տղամարդկանց է միայն իրավունք տալիս լուսավորությունից օգուտ քաղել: Երբ լուսավորականության գործընթացին երկու սեռերն էլ մասնակցեն, այն ավելի արագ կընթանա: Իսկ չլուսավորված ժողովրդի միջից երբեմն դուրս են գալիս մարդիկ, ովքեր, հաջողակ պայմաններում լինելով (իսկ հաջող պայման կարող է անգամ աղքատությունը լինել), զգալով ժողովրդի թշվառ վիճակը, իրենց վրա են վերցնում մի գործ, որը պետք է լիներ հազարավոր մարդկանց ուսերին: Այդ մարդկանց հանճարներ են անվանում: Արծրունու կարծիքով՝ ժողովրդի համար ամոթ է այն, որ հանճարներ ունի, քանի որ նրանք ամբոխի անբնական դրության արդյունք են: Սակայն հանճարները պետք են մտավոր ստրկության՝ տգիտության մեջ գտնվող ժողովրդին: Քանի որ կինն է հիմնականում ժողովրդի դաստիարակողը, ապա քանի կինը չի մասնակցում կրթության գործին, ժողովուրդը տգետ կմնա և առաջ չի գնա:

«Աշխատանքի բաժանում»

Գրիգոր Արծրունին իր այս հոդվածը սկսում է շատ կարևոր հարցադրումով. «Ինչո՞վ է տարբերվում վայրենի ազգը լուսավորված հասարակությունից»: Ըստ նրա՝ տարբերություններից գլխավորն այն է, որ վայրենի ազգի անհատը աշխատում է իր և իր գերդաստանի համար, իսկ լուսավորված ժողովրդի անհատը իր արտադրանքը փոխանակության համար է ստեղծում, որն էլ հասարակության գլխավոր հատկությունն է: Որպեսզի հեշտ լինի այդ փոխանակությունը, հարկավոր է այնպիսի «մթեր», որը բոլորին անհրաժեշտ լինի: Եվ այդ «մթերը» փողն է:

Արծրունին առանձնացնում է աշխատանքի բաժանման երեք կարևոր հետևանքներ.

  1. Մարդը, միշտ մի տեսակ գործով զբաղված լինելով, կատարելագործվում է:
  2. Խնայում է ժամանակը, որը նա կկորցներ, երբ անընդհատ մի աշխատանքից մյուսը անցներ:
  3. Աշխատանքի բաժանման միջոցով նա հնարավորություն ունի գյուտեր անելու:

Կրթական հայացքները

Գրիգոր Արծրունին առաջ է քաշում այն հարցը, թե ինչ ուսուցանել և ինչպես կրթել երեխաներին: Նա բարձրացնում է այն հարցը, թե որ ուղղությունը պետք է լինի առաջնային. լեզուներ, թե բնական գիտություններ: Ըստ նրա՝ երեխան ստանում է կրթություն, որպեսզի բացվի նրա միտքը և դատողությունը. «Եթե դաստիարակության և կրթության նպատակը երեխայի միտքը զարգացնելն է, ապա չպետք է երեխայի գլուխը լցնել չոր գիտություններով…» (նա նկատի ուներ հիմնականում լեզուները): Նա խոսում էր երեխայի մոտ լեզվի առաջացրած դժվարությունների մասին՝ բերելով գրաբարի օրինակը, որը բարդ է յուրացման համար և միայն զարգացնում է երեխայի հիշողությունը: Ըստ նրա՝ երեխաներին չեն հետաքրքրում քերականության կանոնները և դժվարությունները, բայց իրենց շրջապատող շատ առարկաներ գրավում են նրանց: Օրինակ՝ երեխան ցանկանում է իմանալ` ինչո՞ւ է ամպը գոռում, ինչո՞ւ է փայլում կայծակը, ինչո՞ւ երեկ անձրև էր գալիս, իսկ այսօր արեգակ է: Երեխաներին այս ամենը բացատրելու փոխարեն նրանց սովորաբար պատասխանում եմ, թե այսպես է սահմանել Տեր Աստված:

Միևնույն ժամանակ երեխային ստիպում են այն գիտությունները սովորել, որոնք նրան հետաքրքիր չեն: Սա էլ պատճառ է հանդիսանում, որ երեխան հետաքրքրությունը կորցնի ուսման հանդեպ: Եթե մի բան երեխային գրավում է կամ հետաքրքրում, դա նշանակում է, որ նա կարող է յուրացնել նաև դրա պատասխանները: Հարկավոր է տալ երեխային ազատություն, որպեսզի նա ընկալի երևույթը սեփական դատողություններով: Ըստ նրա՝ դաստիարակության հիմնական ֆունկցիան պետք է կատարի ընտանիքի ինստիտուտը՝ կարևորելով մոր դերը, ով պետք է բավարար կրթություն ունենար, որպեսզի կարողանար ապագա սերնդին դաստիարակել: Գրիգոր Արծրունին, ապրելով 19-րդ դարի վերջում, ասում է, որ կինը մինչ այդ ժամանակաշրջանը օրինավոր կրթություն չէր ստացել: Կրթության մեջ բնական գիտությունների առկայությունը ծանոթացնում է մարդուն բնությանը, նրա մեջ դնում է անսահման սեր դեպի բնությունը, ուրեմն և դեպի բնության Արարիչը: Արծրունու կարծիքով` բնական գիտությունները զերծ են պահում մեզ սնոտիապաշտությունից և նախապաշարմունքներից, որի մեջ եթե ազգը մնա, չի կարողանա առաջադիմել:

Քաղաքական հայացքները

Գրիգոր Արծրունին հայ լիբերալիզմի ականավոր գաղափարախոսներից էր։ Նրա հայացքները ձևավորվել են բուրժուական լուսավորականության ազդեցությամբ։ Գրիգոր Արծրունին կողմնակից էր Հայաստանում կապիտալիզմի զարգացմանը։ Ազգային «պրոգրեսի» համար վտանգավոր է համարել օտարերկրյա կապիտալի մուտքը Կովկաս։ Բաժնետիրական ընկերությունները, փոխօգնության գանձարանները, հասարակական վարկը և այլն համարել է երկրի արտադրական զարգացումը խթանող գործոններ։ Առաջարկել է հիմնել «մշակների արդյունաբերական միություններ» և ընկերություններ, ցածր տոկոսի վարկի միջոցով կայունացնել գործավոր-մշակների նյութական ապահովությունը։ Գյուղացիության լայն զանգվածների հոսքը քաղաք կանխելու միտումով պահանջել է ստեղծել «գյուղական փոխատու ընկերություններ», հիմնել «հասարակական շտեմարաններ»։ Գիտության և տեխնիկայի կիրառման, ինչպես նաև «հանրային փոխադարձ օգնության» շնորհիվ գյուղացին կարող է հասնել «տնտեսական բարեկեցության»։ Նա առաջադրել է նաև երկրի ընդհանուր տնտեսության առաջընթացն ապահովող բուրժուա-դեմոկրատական պահանջներ՝ մամուլի, խղճի ազատություն, եկեղեցու վերակառուցում, աշխատավարձի համակարգի և աշխատօրվա պետական կարգավորում, բանվորների բնակարանային պայմանների բարելավում, ազգային լուսավորական հաստատությունների, առևտրական դատարանների ստեղծում։ Գրիգոր Արծրունու կարծիքով լուսավորությունը ևս հասարակական աշխատանքի կարևոր բնագավառ է, որով հնարավոր է բարձրացնել ազգի մակարդակը։ Գրիգոր Արծրունին մեծ նշանակություն է տվել աշխատանքի հասարակական բաժանմանը, նկատել, որ ապրանքափոխանակությունը առաջացել է աշխատանքի հասարակական բաժանման հետևանքով։ Սակայն նա չի ըմբռնել ապրանք ստեղծող աշխատանքի ներքին հակասությունները և արժեքի մեջ առարկայացած աշխատանքի երկակի բնույթը։ Նահանջել է արժեքի աշխատանքային տեսության դիրքերից և տուրք տվել բուրժուական գռեհիկ քաղաքատնտեսությանը։ Գրիգոր Արծրունին կապիտալիստների աշխատանքը ևս համարում էր արտադրողական և նույն կերպ գնահատում կապիտալիստի, բանվորի և մտավորականի աշխատանքը։ Նա փորձում էր ապացուցել, որ հարստությունը կապիտալիզմի պայմաններում կուտակվում է ոչ թե հավելյալ արժեքի, այլ խնայողության հաշվին։

Առաջադիմական էին նրա հայացքները երկրի արտադրողական ուժերի զարգացման վերաբերյալ։

Մերժելով հասարակությունը հեղափոխականորեն վերափոխելու և հեղափոխական շարժման ամեն մի գաղափար՝ Գրիգոր Արծրունին դրանք կանխելու նկատառումով առաջ է քաշել «անձաքննության» կամ «ինքնաքննության» գաղափարը։ Դա այլ բան չէր, քան հասարակական հարաբերությունները բարեփոխելու բուրժական գործիմացության մի եղանակ։ Հասարակական զարգացումը Գրիգոր Արծրունին պատկերացրել է բնական գիտությունների զարգացմանը լծորդված։ Նա առաջարկել է հրաժարվել դաստիարակության հնավանդ ձևերից, դատափետել է անօգուտ վերացական դաստիարակությունը, հանձնարարել տղաների և աղջիկների համատեղ ուսուցում, ազատ կրթություն, կնոջ ազատագրում, համալսարանական կրթություն՝ «գործնական աշխատանքի ընդունակ երիտասարդներ» պատրաստելու համար և այլն։ Գրիգոր Արծրունին բարեփոխման պահանջներ է առաջադրել նաև գրականությանն ու թատրոնին։ Գրականության և արվեստի խնդիրն էր համարում սովորեցնել ինչպես վերափոխել կյանքը, ազատվել տգիտությունից և նախապաշարմունքներից, երևան բերել «բարոյական պակասությունները» և պայքարել դրանց դեմ։ Գրիգոր Արծրունին կողմնակից էր եկեղեցու անջատմանը պետությունից, քանի որ եկեղեցին հավակնում էր համազգային խնդիրների լուծման գործում պահպանել իր դասային գերիշխանությունը։ Նա գտնում էր, որ աշխարհականներն են այսուհետև ազգի առաջնորդները և տնտեսության գերիշխանությունից զատ նրանք ձգտում են նաև քաղաքական գերիշխանության։ Եկեղեցին չի կարող ներկայացնել ազգը, ինչպես որ ազգը պարտավոր չէ իր եկեղեցով ճանաչվել այլ ազգերի կողմից։

«Հայկական հարցի» լուծումը Արծրունին տեսնում էր ռուսների հետ հայերի զինակցության և թուրքական բռնատիրության դեմ համատեղ պայքարի մեջ։ Արևմտահայերը կարող էին քաղաքական ազատագրման հասնել Ռուսաստանի օգնությամբ, ինչպես նաև ժողովրդա-ազգային ապստամբությամբ։


Օգտագործված աղբյուրները տե՛ս այստեղ՝ 
Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն. 19րդ դարավերջ-20րդ դարասկիզբ», Երևան, 2013

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: