Սարգիս Կասյան

Սարգիս ԿասյանՍարգիս Կասյան՝ ժամանակի կարկառուն հասարակական գործիչ, մարքսիստական սոցիոլոգիական մտքի հետևորդ, նախ ՍԴՀԿ, այնուհետև՝ ՌՍԴԲԿ անդամ:

Կասյանի հոդվածները աչքի էին ընկնում իրենց խորը գաղափարախոսություններով.

  • Ըստ Կասյանի՝ ցարական կառավարությունը և բուրժուազիան հրահրում էին 2 ժողովուրդների եղեռնական ընդհարումները և մեղքը գցում իրենց վրայից: Այդպիսի ընդհարման օրինակ էր Բաքվի արյունահեղությունը:
  • Պրոլետարիատը առաջավոր դասակարգն է և կոչված է խորտակելու կապիտալիզմի կապանքները:
  • Դիտարկել յուրաքանչյուր ազգի տեղային առանձնահատկությունները այլ ազգերի հետ հարաբերակցության մեջ, ինչպես նաև ազգերի հարատևության հարցը քննարկել տվյալ ժամանակի հասարակական, քաղաքական շարժումների, դասակարգային կռվի հեռանկարների մեջ:
  • Սպեցիֆիկների կողմից դրվող անջատողական պահանջները նրանց տգիտության և քաղաքական կուրության արդյունք են:

Ստորև ներկայացնում ենք Կասյանի նշանավոր հոդվածներից մի քանիսի համառոտ բովանդակությունը:

«Սպեցիֆիկները և սպեցիֆիզմը»

Անդրկովկասյան սոցիալ-դեմոկրատական հայ իրականության մեջ բացի բոլշևիկյան և մենշևիկյան կուսակցություններից, գոյություն է ունեցել նաև սպեցիֆիկյան կազմակերպությունը, որի պաշտոնական անունն էր «Սոցիալ-Դեմոկրատական Բանվորական հայ կազմակերպություն»: Սպեցիֆիզմը ազգայնական-մեշչենական և ինտիլիգենտական մտածելակերպ է ու գործելակերպ` գունավորված դասակարգային վարդապետությամբ:

Սպեցիֆիկների կազմակերպության նպատակներըն էին՝ խեղաթյուրել պատմությունը, կեղծել իրականությունը, կուրանալ աչք ծակող փաստերի առջև, ոչինչ համարել այն, ինչ արվել ու արվում է իրենցից դուրս, այն էլ միայն նրա համար, որպեսզի կարելի լինի մեծարել, փառաբանել, ոսկեզօծել դեմքը, որ կյանքը անողոք հարվածների տակ չի ենթարկվել անգամ մազաչափ փոփոխության: Նրանք հրապարակ են եկել միայն ռուսական առաջին հեղափոխության ընթացքում: Նպատակը հայ քաղքենիությանը հեղափոխությանը ոգեկոչելն էր: Սակայն ռեակցիայի փուլում նրանք վերանում էին ասպարեզից: Սպեցիֆիկները իրենց մասին առասպելներ են պատմել, որպեսզի շոյեն հայ մտավորականների անհատական ես-ը և գրավեն հայ բանվորին: Նրանք այդ առասպելները հիմնավորում էին «մարքսիստորեն», «դիալեկտիկական մարքսիզմով»: Կասյանը հետաքրքրված էր մարքսիզմով և դիալեկտիկական մարքսիզմով, որպեսզի կարողանա հասկանալ, թե ինչպես են սպեցիֆիկները խեղաթյուրում պատմությունը:

«Ընտիր երկեր»

Հայկական իրականությունը՝ ըստ Ս. Կասյանի

«Հայկական իրականություն» դարձվածը օգտագործվում էր բուրժուական գաղափարախոսությունը ծածկելու, ժողովրդի ամենանվիրական զգացումները շոյելու նպատակով: Ժամանակի իրականությունը դուրս է տարածությունից և չի ճանաչում պետական սահմաններ, թեև մարդկային հասարակությունների իրականության կառուցման գործում մեծ դեր ունի տարածությունը՝ պետական տարածքը՝ իր քաղաքական և իրավական կողմերով: Ժամանակը ու տարածքը լիովին բնորոշում են յուրաքանչյուր իրականություն: Այս երկու կրիտերիաների տեսանկյունից չկա առանձին հայկական, վրացական, թուրքական իրականություն, քանի որ նրանք ունեն համառուսական իրականություն, քանի որ ապրում են միևնույն տարածքի վրա, ղեկավարվում միևնույն պետության իշխանությամբ, ունեն միևնույն իրավական հարաբերությունները:

Սակայն կա նաև իրականությունը կազմող ստորադաս և երկրորդային գործոններ, որոնք արդյունք են պատմության, լեզվի, ավանդույթների և այլնի: Սրանցից բխող երևույթները անվանվում են ազգային (հայկական, վրացական և այլն) իրականություն: Այդ երևույթները լինում են երկու տեսակ.

  1. «Հարատև»-պայմանավորված հայկական հիմնարկությունների, կուսակցությունների և այլնի գոյությամբ,
  2. «երևույթների երևույթներ»-օրինակ դաշնակցության որոշ ժամանակի սխրագործությունները:

Կասյանը վերոնշյալ գործոնների տեր ու տիրական է համարում բուրժուազիային:

Պրոլետարիատը և դեմոկրատիան հասարակության խորթ և ստորադաս տարրերն են: Սակայն Կասյանը ընդգծում է այն փաստը, որ ի տարբերություն մնացած հասարակություններին, հայ հասարակության մեջ հոգևորականությունը խոշոր հասարակական դեր է կատարում: Համառուսական պրոլետարիատի պայքարը գերադաս իրականության դեմ է, սակայն Կասյանը գտնում է, որ ստորադաս իրականության մեջ հայ ժողովրդի դասակարգային կռվի հոգսը պետք է լինի ստորադաս և երկրորդական, փոխարենը հայ գիտակից բանվորը պետք է կռիվը մղի ազգայնական կուսակցությունների դեմ:

Հասարակական կարծիքը և մամուլը՝ ըստ Ս.Կասյանի

Հասարակության բուրժուական տարրը և մտավորականը հեռու են կանգնած և անմիջապես չեն մասնակցում արտադրական ընթացքին, ընթացք, որը պայմանավորում է հենց երևույթը: Արտադրական գործընթացին անմիջականորեն մասնակցում է բանվոր դասակարգը, որը, ի տարբերություն նրանց, ունի հակառակ, իրական մատերիալիստական մտածելակերպ: Արտադրական ընթացքում անհատները բաժանվում են սոցիալական կատեգորիաների՝ խմբակցությունների՝ իրենց նյութական և անձնական ունեցվածքի հիման վրա, ուսի միևնույն խմբակցությունների անհատները ունենում են տվյալ երևույթի մասին միևնույն կամ նման կարծիք: Այսինքն՝ ժամանակակից հասարակական կարծիքը դասակարգային կարծիք է: Իսկ մամուլը այս կամ այն խմբակցության կարծիքի արտահայտչական միջոցն է: Բանվոր դասակարգի և մարքսիստ մտավորականների համար հասարակական կարծիքը և մամուլը ուրիշ ոչինչ չեն, քան սեփական գաղափարների տարածման միջոց:

Հայկական հարցը և հայ դեմոկրատիան՝ ըստ Ս.Կասյանի

Կասյանը անդրադառնում է այն հարցին, որ հայ բուրժուազիան և աշխարհի «ընտրյալները» խոսում են հայ ժողովրդի անունից, մինչդեռ ինքը՝ ժողովուրդը, հանձին իր առաջավոր տարրի՝ գիտակից բանվորության, լուռ է, և այդ լռությունը կապված է նրա հետ, որ նա արտահայտվելու հնարավորություն չի ունեցել: Կասյանը ցույց է տալիս, որ բանվոր դասակարգը ամենից շատն է մտահոգված հայկական հարցով, ինչը պայմանավորված է իր սոցիալական խնդիրներով: Նրա գաղափարախոսությունը մարքսիզմն է, այսինքն՝ նրա առջև դրված է երևույթի պարզելու և ըմբռնելու պահանջը: Ժամանակակից կյանքի միակ գործոնը կապիտալիզմն է, և արտադրական հարաբերություններըկապում են միևնույն պետության այլազգ տարրերը:

«Ութժամյա բանվորական օրվա և աշխատանքի
արտադրողականության բարձրացման մասին»

Անդրադառնալով 1917թ. Ռուսական Փետրվարյան հեղափոխության ամենակարևոր ձեռքբերմանը՝ ութժամյա բանվորական օրվա հաստատմանը, Կասյանը ցույց է տալիս, որ բուրժուազիան անհիմն էր դիմադրում այդ փաստին, քանի որ դա ոչ միայն չէր խանգարում արդյունաբերական զարգացմանը, այլև խթանում էր դրան: Բուրժուազիայի վախը նրանում էր, որ բանվորները քիչ աշխատելով ավելի շատ ժամանակ կունենան իրենց դասակարգային դիրքերը ամրապնդելու համար:

«Ո՞ւր է ելքը»

Կասյանը գտնում էր, որ հայ ժողովրդի սոսկալի վիճակը համաշխարհային ընդհանուր կացության արդյունք է, և բնաջնջումից, սերունդներին ստրկության անարգ լծից փրկողը ոչ թե ամերիկյան իմպերիալիզմն է, այլ «այն աշխարհը, որի արշալույսը բացվել է ռուսական հյուսիսում»: Դա է, ըստ Կասյանի, միակ ելքը, որին մատնանշել է նոր աշխարհի համար հերոսաբար պայքարող միջազգային բանվորությունը և աղքատ գյուղացիությունը: Խորհրդային իշխանությունը կստեղծի ժողովրդի համար իսկապես հայրենիք, որտեղ այն զարգանալու հնարավություն կունենա: Այն բավարարելու է մարդկային բնական ձգտումը՝ ապրել, մտածել և զգալ:


Օգտագործված աղբյուրները տե՛ս այստեղ՝ 
Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն. 19րդ դարավերջ-20րդ դարասկիզբ», Երևան, 2013

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: