Ստեփան Շահումյան

Ստեփան ՇահումյանՍտեփան Շահումյանը եղել է մարքսիստական գաղափարախոսության հետևորդ, լրագրող, սոցիոլոգ և ակտիվ քաղաքական գործիչ: Շահումյանը հասարակագիտության ոլորտում հատկապես հայտնի է իր սոցիոլոգիական երկերով:

Ստորև կարող եք ծանոթանալ դրանց հիմնական բովանդակությանն ու գաղափարներին, ինչպես նաև Շահումյանի հասարակական-քաղաքական հայացքներին:

«Դասակարգերը ժամանակակից և եվրոպական հասարակության մեջ»

Ստեփան Շահումյանը իր այս երկում փաստում է, որ պատմական տարբեր փուլերում հասարակություններում տիրել են տարբեր քաղաքական համակարգեր, որոնք համապատասխանել և հետևել են հասարակությունների ներքին սոցիալական կյանքում կատարվող փոփոխություններին: Այդ փոփոխությունները պայմանավորված են եղել արդյունագործական համակարգով և դասակարգային կազմով, որոնց հասկանալու միջոցով կարելի է ուսումնասիրել քաղաքական համակարգերը: Օրինակ՝ հնադարյան պատմությունը բնութագրվում է դասակարգային կռիվներով, միջնադարին բնորոշ էր ֆեոդալական կարգը, որտեղ առանձնացվում էր ազնվական կամ հողատեր դասակարգը մինչդեռ ժամանակակից աշխարհը բնութագրվում է կապիտալիստական կարգերով, որտեղ որպես երկու հիմնական դասակարգ են առանձնացվում բուրժուազիան ու պրոլետարիատը: Տարբեր են այս դասակարգերի եկամտի աղբյուրները, ինչն էլ նրանց տարբերակման հիմքում է ընկած: Բացի այդ, ֆեոդալական կարգի մնացորդ է նաև հողատերերի դասակարգը. սրանցից յուրաքանչյուրն ունի իր շահերը, ինչի պատճառով էլ ձգտում է նվազեցնել դիմացինի եկամուտը՝ դրանով իսկ մեծացնելով այս դասակարգերի ներկայացուցիչների փոխկախվածությունը: Այսպիսով՝ ազգային եկամուտը ներկայիս հասարակություններում բաժանվում է 3 դասակարգերի մեջ, և մի դասակարգի արդյունքների աճը անհրաժեշտորեն նշանակում է մյուս դասակարգերի արդյունքների նվազումը:

Շահումյանը նաև նկարագրում է 14-15-րդ դարերում տեղի ունեցած մի շարք համաշխարհային իրադարձություններ, որոնք հեղափոխեցին եվրոպական ժողովուրդների կյանքը: Դրանք են՝

  1. Նավագործության ուժեղ զարգացումը և կողմնացույցի գյուտը, որը հնարավորություն տվեց դուրս գալ ծով և նոր երկրներ փնտրել:
  2. Ամերիկայի հայտնագործումը, որը նոր շուկա բացեց եվրոպական վաճառականների համար:
  3. Ծովային ճանապարհի գյուտը դեպի Հնդկաստան:
  4. Վառոդի և հրաձիգ զենքի գյուտը, որը հնարավորություն տվեց տիրանալու նոր գտած երկրներին և սանձահարելու ֆեոդալական իշխանությունների կամայականությունները:

Հասարակություններում քաղաքական համակարգերի զարգացմանն ու փոփոխմանը նպաստեց փողի՝ որպես նոր արժեք գործածության անցնելը: Փողի ներմուծումը հանգեցրեց մի շարք փոփոխությունների սոցիալական և տնտեսական համակարգերում և զարգացման նոր հարթակ ստեղծեց: Այսպիսով՝ նախկին հողատեր դասակարգի կողքին ծնունդ առավ նոր ուժեղ փողատեր դասակարգը, որը հայտնի է բուրժուազիա անունով: Վաճառականությունը կատարում էր միջնորդի դեր և այդ դրամական միջոցներով հնարավորություն ստեղծվեց սկսել արդյունաբերություն: Եվ այդ տեսակ արդյունաբերության համար հարկավոր էին աշխատող ձեռքեր: Այդպիսով ծնունդ առավ պրոլետարիատը՝ այն դասակարգը, որը զուրկ էր սեփականությունից: Այնուհետև սկսվեց սոցիալական ռեվոլյուցիայի դարաշրջանը: Տնտեսական զարգացումը առաջ գնաց աներևակայելի արագությամբ և ինչքան զարգանում էր կապիտալիստական արդյունաբերությունը, այնքան ավելի ու ավելի ստվարանում էին պրոլետարիատի շարքերը:

Շահումյանը, մեջբերում է ավստրիական վիճակագրական տվյալներ, որտեղ որպես այդ ժամանակաշրջանին բնորոշ դասակարգեր առանձնացվում էին՝

  1. Ինքնուրույններ կապիտալիստները, հողատերերը, սեփականատերերը, սեփականազուրկ պաշտոնյաները և դիրեկտորները):
  2. Պաշտոնյաններ (հասարակ պաշտոնյանները՝ ծառայողները):
  3. Բանվորներ
  4. Օրավարձով աշխատողներ (աշխատավարձով ապրող ազգաբնակչությունը):

Պրոլետարիատը, ինչպես նաև մյուս դասակարգերը, բաժանվում է մի քանի խավերի, որոնք միմյանցից տարբերվում են իրենց կացությամբ, հոգեբանությամբ, իրենց անմիջական և առօրյա շահերով: Պրոլետարիատի ամենաբնորոշ տարրը ինդուստրիալ պրոլետարիատն է, հետո ինտելիգենտ, առևտրական, գյուղական պրոլետարիատները, տնային ծառաները և հիմնարկություններում ծառայողները: Սրանք բոլորը չունեն սեփականություն և շահագործվում են սեփականատեր դասակարգի կողմից: Քանի որ պրոլետարականացումը մեծ չափեր է ընդունել արդյունաբերության մեջ, մարդիկ չեն կարողանում գործադրություն գտնել, արդյունքում վաճառանոցը լցվում է բազմաթիվ անգործ մարդկանցով, որոնք կազմում են Մարքսի նշած պահեստի գունդը: Սա հանգեցնում է այնպիսի իրավիճակի, երբ վիճակագրորեն նկատելի է դառնում մահացության դեպքերի աճը և դեվիանտ (շեղվող) վարք ցուցաբերող անհատների թիվը: Այսինքն՝ ըստ Շահումյանի՝ Եվրոպան հայտնվում է նոր ճգնաժամային իրավիճակում և անհրաժեշտություն է առաջանում վերուծության ենթարկել իրավիճակը և գտնել լուծման նոր ուղիներ:

«Էվոլյուցիոնիզմն ու ռեվոլյուցիոնիզմը հասարակական գիտության մեջ»

Շահումյանը, խոսելով այս երկու հասկացությունների մասին, նշում է, որ դրանց հաճախ են հակադրում, սակայն այդ հակադրությունը տեղին է միայն այն չափով, որքանով ռեվոլյուցիոնիզմը մեկնաբանվում է որպես է ինքնաբավ, ոչինչ հաշվի չառնող անարխիական «բունտարություն»: Մինչդեռ ռեվոլյուցիոնիզմը նշանակում է ընդհանրապես ձգտում դեպի արագ ու բռնի քաղաքական հեղաշրջումները, ուստի այդ հակադրությունը զուրկ է որևէ գիտական իմաստից: Այս շփոթը հարթելու համար Շահումյանը հղում է անում Կ. Մարքսին՝ նշելով, որ ժամանակակից սոցիոլոգիական էվոլյուցիոնիզմը ոչ միայն չի բացառում բռնի հեղաշրջումների օրինաչափությունը, այլև դրանք համարում էվոլյուցիայի բաղկացուցիչ մաս: Մարքսիստական գրականությունում այս հասկացությունները մեկնաբանվում են «բազիսի» և «վերնաշենքի» միջոցով: Էվոլյուցիոնիզմ-ռեվոլյուցիոնիզմ հարաբերակցությանը իրենց աշխատություններում հետագայում անդրադարձել են նաև Բեռնշտայնը և Զոմբարտը:

Բացի այդ, եթե մի կողմից երևան են գալիս «էվոլյուցիոնիստներ», որոնք ժխտում են ռեևոլյուցիոնիզմի որևէ նշանակությունը, ապա մյուս կողմից մենք տեսնում ենք ծայրահեղ «ռեվոլյուցիոնիստների», որոնք տնտեսում են հասարակական էվոլյուցիայի հիմնական օրենքները և դրա հետևանքով ընկնում են ուտոպիական, անարխիական «բունտարարության» մեջ:

Հասարակությունում առկա դասակարգային պայքարը ենթադրում է ժամանակ առ ժամանակ առկա համակարգի ռեվոլյուցիոն փոփոխություն, քանի որ ոչ մի իշխող դասակարգ պատրաստակամ չէ հանձնել իր իշխանությունը: Ահա այստեղ է, որ հասարակության տարերային էվոլյուցիոն զարգացմանը փոխարինում են անխուսափելի ցնցումները, ռեվոլյուցիաները, որոնք վերացնում են մարդկանց փաստացի հարաբերություններին չհամապատասխանող և հասարակության հետագա զարգացումը կասեցնող հին «վերնաշենքերը»: Այսկերպ ռեվոլյուցիաներն ավարտում են հասարակության էվոլյուցիոն զարգացման որոշ ցիկլ և ճանապարհ հարթում նրա հետագա զարգացման համար: Այս երկու գործընթացները հաջորդում են մեկը մյուսին, և միայն գիտակից վերաբերմունքը դեպի պատմական պրոցեսը, պատմական զարգացման օրենքների ճիշտ գիտական ըմբռնումը, էվոլյուցիոնիզմը ռեվոլյուցիոնիզմի հետ համատեղելու ընդունակությունը, կարող է ապահովել մեզ համար նպատակահարմար ռեվոլյուցիոն գործունեություն:

«Ազգային կուլտուրական ավտոնոմիկայի մասին»

Աշխատանքը քննարկում է Դավիթ Անանունի՝ «Նոր հոսանք» ամսագրի համարներում լույս տեսած հոդվածները «Ազգային հարցը և դեմոկրատիան» վերնագրով: Ստ. Շահումյանի նպատակն է հանդիսացել ապացուցել, որ ազգային կուլտուրական ավտոնոմիան վնասակար և հետադիմական պահանջ է: Նա նախ քննարկում է Անանունի հոդվածի վերնագիրը և կասկածի տակ դնում, թե ինչ դեմոկրատիայի մասին է խոսքը. դեմոկրատիայի գոյություն ունեցող երկու տեսակներից (բուրժուական և բանվորական) որևէ մեկը այստեղ արտահայտված չէ, քանի որ այն փորձ է խոսել բանվորական դեմոկրատիայի անունից, մինչդեռ մարքսիզմը չունի համադրման հնարավորություն ազգային հարցում և հակասում է բանվորական դեմոկրատիայի սկզբունքներին:

Շահումյանը քննադատում է Անանունի հայացքները՝ համարելով դրանք ծայրահեղ նացիոնալիստական: Նա համարում է, որ Անանունը ներկայացնում է իր հայացքներին համապատասխանող զարգացման մի նոր ուղի՝ հաշվի չառնելով այն, թե ինչի կարող է հանգեցնել նման ուղու ընտրությունը:

Շահումյանը փորձում է ապացուցել, որ ազգային կուլտուրական ավտոնոմիան ոչ մի դրական բան չի ներկայացնում իրենից, որ նա միանգամայն ավելորդ էր և բացի այդ շատ վնասակար: Վնասակար է նրանով, որ բուրժուական, նացիոնալիստական ազգային-տիրացուական ոգի կմտցնի կրթական գործի մեջ: Միանգամայն պարզ է, որ իրենց ազգային քաղաքականությամբ ավտոնոմիստները մնում են նույն նացիոնալիստները:

«Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան»

Շահումյանը գտնում է, որ ազգային հարցը ժամանակակից պետական իրավունքի ամենաբարդ ու ամենահետաքրքիր պրոբլեմներից է: Բոլոր այն երկրներում, ուր միևնույն պետության տարածքում ապրում են մի քանի ազգություններ, այդ հարցը ամենալուրջ կերպով զբաղեցնում է բոլոր քաղաքագետներին, բոլոր գիտակից քաղաքացիներին: Ազգային հարցը իր ժամանակակից իմաստով գոյություն չուներ Եվրոպայում սրանից մոտ 100 տարի առաջ. այն ամբողջովին ծնունդ է առել XIX դարում և ամենասերտ կերպով կապված է ժամանակակից կապիտալիստական արդյունաբերության և բուրժուական հասարակական կազմի հետ:

Ազգային հարցը հասարակական հարց է, և որպես այդպիսին շոշափում է զանազան հասարակական դասակարգերի շահերը: Եվ ամեն մի դասակարգ հանձին իր տեսաբանների ցանկանում է, որ ճշմարտությունը այնպես լինի, ինչպես այն ձեռնտու է իր դասակարգին: Հասարակական ճշմարտությունը որպես գործիք օգտագործվում է ստորադաս դասակարգի կողմից հանուն ռեսուրսների վերաբաշխման: Կապիտալիստական հասարակարգի պարագայում բուրժուական դասակարգը բարձրաձայնում է ազգային հարցը՝ մատնանշելով վերջինիս անորոշությունը և ներկայացնում է ազգությունը որպես մի ֆետիշ, իսկ ազգային հարցը՝ որպես մի անլուծելի հանելուկ՝ ծառայեցնելով այն հանուն իր նպատակների: Ազգային հարցի շուրջ թանձրացած մառախուղը շատ օգտակար է բուրժուազիայի համար: Նա, «անկարող» լինելով պարզել «գիտականորեն» այդ հարցի էությունը, շահագործում է իր դասակարգային տեսակետից այդ հարցի անորոշությունը՝ անգիտակից ժողովրդական մասսաների ազգային նախապաշարմունքները հանուն սեփական շահերի: Իսկ պրոլետարիատը ամենախիստ ձևով շահագրգռված է` պատռելու ազգային հարցից նրա միստիկական քողը և մերկացնելու բուրժուական իդեոլոգների խորամանկ դավերը:

Հասարակական որևէ գիտություն ի զորու չէ լիարժեք պատասխան տալու թե ինչ է ազգությունը, նշելու վերջինիս բաղադրիչները և բնութագրիչները: Սակայն, ըստ Շահումյանի, մարքսիստական հայացքները, մտածողությունը և պատմական մատերիալիստական վերլուծությունը պատռում է այդ միստիկական քողը և մերկացնում է ազգային հարցը ռեալ բովանդակությունը: Մարքսը մերկացրեց բուրժուական աշխարհի ամենամեծ և ամենահիմնական ֆետիշը՝ ապրանքը: Նա ցույց տվեց, որ ապրանքը երկու կողմ ունի, մեկըբնական, մյուսը հասարակական: Ապրանքը մի կողմից որոշ նյութ է, մյուս կողմից՝ որոշ հասարակական հարաբերություն: Հասարակագետի համար ապրանքը հետաքրքիր է իր երկրորդ կողմով՝ որպես հասարակական հարաբերություն, որպես փոխանակական արժեք. նրա մյուս բնական, կամ նյութական կողմը վերաբերում է բնագիտությանը: Այսպիսով՝ մարքսիստական մտածողությունը թույլ է տալիս ազգային ինքնագիտակցության գաղափարի հիմնավորված բացատրություն տալ:

Հայ իրականությունը՝ ըստ Շահումյանի

Ստեփան Շահումյանը հայկական պրովինցիայում տիրող իրավիճակը որակում էր որպես շովինիստական: Ըստ նրա՝ այդ տրամադրությունը առաջացել էր ցարական ավազակային քաղաքականությունից և հայկական եկեղեցական գույքը գրավելու մասին օրենքից, որը դիպել էր բնակչության կղերական-ազգային լարերին և վրդովմունք առաջացրել նրա մեջ: Այս իրավիճակում, ըստ Շահումյանի, քաղաքացիական և քաղաքական գիտակցական ամենատարրական ձևերից զուրկ հայ բնակչությունը չհասկացավ, թե որտեղից է իրեն հարված հասցվում, և իր ծանր զգացումի ելքը գտավ շովինիզմի մեջ: Հայկական նացիոնալիստական պարտիաները, այս ամենից օգտվելով, կառչեցին ժողովրդի դժգոհությունից և սկսեցին խրախուսել բնակչության շովինիստական զգացումները և դրանք շահագործել իրենց պարտիական նպատակների համար: Դրա հետևանքը եղավ այն, որ պարտիաները սկսեցին ծավալել նոր գործունեություն. «Դրոշակի» պարտիան, որն ամենաուժեղն էր, բայց և միաժամանակ անսկզբունք, երկար պայքարում էր կովկասյան հայերի քաղաքական կարիքներին արձագանքելու հայ ինտիլեգենցիայի փորձերի դեմ, բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցներով աշխատում կասեցնել բանվորական շարժումը Կովկասում և դավաճան էր անվանում հայ ինտիլիգենտ սոցիալ-դեմոկրատներին նրա համար, որ նրանք մասնատում էին հայ ինտիլիգենցիայի ուժերը և հայերի միտքը հեռացնում թուրքահայ գործից: Այդ պարտիան ստիպված եղավ իր վերջին համագումարում ճանաչել այդպիսի մասնատման անհրաժեշտությունը և նույնիսկ մի քանի ընդհանուր որոշումներ կայացրեց նոր «ռուսահայ գործի» վերաբերյալ:

Նրանք համաձայնություն են հաստատում Ռուսաստանի մյուս ազգությունների ռևոլուցիոն պարտիաների հետ: Որոշում է կայացվում չարգելել «Դրոշակի» պարտիական կազմակերպություններին մասնակցող հայ բանվորներին մասնակցելու բանվորական կոմիտեների նշանակած գործադուլներին ու ցույցերին: «Դրոշակի» և «Հնչակի» պարտիական կազմակերպությունները պատում են հայկական ամբողջ պրովինցիան և հրահրում իրենց ձեռնտու շովինիստական տրամադրությունը: «Հնչակի» մի քանի կազմակերպություններ, համակրանք տածելով սոցիալ-դեմոկրատների նկատմամբ, երբ չկար վարկանիշը կորցնելու վտանգ, տարածում են սոցիալ-դեմոկրատների գրականությունը: Կովկասի արդյունաբերական կենտրոններում գործող կազմակերպությունները ևս հակված էին դեպի սոցիալ-դեմոկրատիան, և վերջիններիս գրականությունը սկսեցին նաև բանվոր ինտիլիգենտները տարածել:

Ըստ Շահումյանի՝ սոցիալ-դեմոկրատիան «պայծառ ճառագայթի նման» կթափանցի հայկական պրովինցիայի այդ «մթին թագավորությունը» և բնակչությանը կսովորեցնի մտածել և գործել քաղաքականորեն, ինչպես նաև իր դրոշի տակ կհամախմբի պրոլետարիական և կիսապրոլետարիական մասսաներին և վճռական րոպեին նրանց կտանի գրոհելու ինքնակալությունը, միացած հենց այն ռուս ժողովրդի հետ, որի դեմ այնքան անմիտ և այնքան անարդարացի կերպով լի են ատելությամբ:


Օգտագործված աղբյուրները տե՛ս այստեղ՝ 
Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն. 19րդ դարավերջ-20րդ դարասկիզբ», Երևան, 2013

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: