Լևոն Շանթ

Լևոն ՇանթԴպրոցական տարիներից մեզ բոլորիս որպես գրող հայտնի Լևոն Շանթը եղել է նաև հասարակագետ: Նա հարել է սոցիալ-դարվինիստական սոցիոլոգիական մտքին, եղել է հասարակական գործիչ։

Ստորև կարող եք ծանոթանալ նրա հիմնական աշխատությունների առանցքային գաղափարներին և տեսնել, թե հատկապես ինչ սոցիալական երևույթների է անդրադարձել հեղինակը:

«Ազգությունը՝ հիմք մարդկային ընկերաբանության»

Իր՝ «Ազգությունը հիմք մարդկային ընկերաբանության» աշխատությունում Շանթը գրում է ազգության, պետության, ընտանիքի մասին ու փորձում գտնել դրանց միջև առկա կապը: Աշխատության մեջ նա նշում է, որ քիչ չեն այնպիսի դեպքեր, երբ նույն աշխարհագրական գոտում ապրում են տարբեր ցեղեր և ժողովուրդներ: Լևոն Շանթը գրում է, որ ժողովրդի սովորույթները, կենցաղը շատ բան կարող են ասել նրա հոգեբանության մասին: Այնուամենայնիվ չի կարելի տարանջատել ժողովուրդներին՝ միայն ըստ նրանց վարած կյանքի: Անդրադառնալով լեզվին՝ նա նշում է, որ լեզուն մշտական հաղորդակցության միջոց է ժողովրդի անհատների միջև, ինչպես նաև բոլորին միացնող ամենազոր ու բնական կապը:

Լեզուն, ըստ Շանթի, ունի`

  • Հանրային սրբացում
  • Պետական արժեք
  • Հանրային զգացական թրթիռ
  • Ստեղծագործական գրավչություն

Ըստ Շանթի՝ ժողովրդի հոգու մեջ թափանցելու ամենակարճ ճանապարհը նրա գրականության և գեղարվեստական ստեղծագործություններին մոտիկից ծանոթանալու մեջ է: Այնուամենայնիվ, նա կարևորում է այն փաստը, որ միայն գրական ստեղծագործություններով չէ, որ ժողովուրդները տարբերվում են միմյանցից:

Ի վերջո, կարևորելով մի շարք ինստիտուտների առկայությունը՝ Շանթը գալիս է այն եզրակացությանը, որ որոշ ցեղային ծագում ունեցող ու խառնուրդ ներկայացնող, որոշ աշխարհագրական միջավայրում ապրող, որոշ պատմական ներկայի ու անցյալի տեր, որոշ ֆիզիկական ու հոգեկան կազմով, որոշ աշխատանքներ, որոշ վարք ու բարք, սովորույթներ ունեցող, որոշ կրոնական ըմբռնումներով ու պաշտամունքով ժողովուրդները տարբեր են իրենց էությամբ իրենց նման այլ ժողովուրդներից:

Այնուհետև նա առաջ է քաշում «հաշմ ու հիվանդ» ժողովուրդների գաղափարը: Պատմական բազում պատճառներով իրենց անհատականությունը կազմող մի կամ մի քանի կողմից զրկված, բայց և այնպես անհատականությունը ամբողջությամբ չկորցրած և թերի անհատականությամբ ապրող ժողովուրդները հիվանդ կամ հաշմանդամ են: Այնուամենայնիվ, կան այնպիսի կորուստներ, երբ անհատականությունը լիովին կորում է: Ցեղի դեպքում դա արյան խառնումն է: Իսկ հայրենիքը կկորի, երբ ժողովրդը կամ դրա մի մասը դուրս նետվի իր հողից:

Շանթը ընդգծում է, որ ազգը նույնացեղ անհատների հավաքածու չէ միայն, այլ՝ կյանք ունեցող մեքենա: Ազգերն էլ կենդանի օրգանիզմների նման ապրում են, վերարտադրվում, փոփոխվում, զարգանում, առաջընթաց ու հետընթաց ապրում` իրենց կյանքի ընթացքում հարմարվելով շրջակա միջավայրին: Այստեղ նկատելի է սոցիոլոգիայի պարադիգմալ շրջանակներում առկա անհատ-հասարակություն հարաբերակցության սկզբունքը, որտեղ Շանթը ավելի հակված է հասարակության գերակայության սկզբունքին:

Ազգերը առաջացել են կյանքի բնական անհրաժեշտությունից և դարերի ընթացքում դրանք մարդկային քաղաքակրթությունները վերարտադրող բնական օրգանիզմներ են: Ընդ որում՝ ազգությունն ավելի լայն շրջանակ է,քան պետությունը: Լևոն Շանթը կարևորում է ընտանիքի դերը, քանի որ ընտանիքը անհատին ու ազգությանը կապող ամենահիմնական օղակն է:

Ճիշտ է՝ ազգերի փոխադարձ շփումը միշտ էլ եղել է՝ նույնիսկ պատմության հնագույն շրջանից, բայց հետզհետե կապերը կարող են սերտանալ, բոլոր ժողովուրդները խառնվեն, բոլոր բարքերը նույնանան, բոլոր լեզուները մեռնեն, և լինի միայն մեկ լեզու, մի ամբողջ մարդկություն: Շանթը նշում է, որ եթե անգամ նման բան տեղի ունենա, ապա, միևնույն է, հաջորդ օրվանից մարդկությունը կանջատվի իրարից, և կստեղծվեն նոր ազգեր:

«Մեր անկախությունը»

Լևոն Շանթը համակարգված ներկայացնում է հայության քաղաքական ճակատագրի վերելքներն ու վայրէջքները, վերլուծում անհաջողությունների պատճառները ու տալիս զարգացման հնարավոր տարբերակների հեռանկարներ։ Նա հայերի ազգային, մշակութային ու տնտեսական զարգացումը պայմանավորում է միմիայն քաղաքական անկախության գոյությամբ՝ դրան հասնելու միակ ուղին համարելով սեփական ուժերի վրա հույս դնելը: Նա տարանջատում է ասիական և եվրոպական ժողովուրդներին՝ նրանց հիմնական հատկանիշները, սովորույթները, արժեքները կապելով մասնավորապես աշխարհագրական դիրքի հետ:


Օգտագործված աղբյուրները տե՛ս այստեղ՝ 
Հ․ Վերմիշյան, «Հայ սոցիոլոգիայի պատմություն. 19րդ դարավերջ-20րդ դարասկիզբ», Երևան, 2013

Advertisements

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: