Մեծ ուրախությամբ հայտարարում ենք, որ երկար սպասված ՍոցՔեմփ 2017-ը ժամանեց!
Սա Հայաստանում ԱՌԱՋԻՆ ոչ ֆորմալ կոնֆերանսն է, որ իրականացվում է արդեն 3-րդ տարին բոլոր նրանց համար, ովքեր ունեն վերլուծական ասելիք կամ լսելիք՝ կապված հասարակական հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների հետ։
Ի՞նչ է ՍոցՔեմփը
ՍոցՔեմփը ոչ ֆորմալ կոնֆերանս է, կամ պարզապես՝ չկոնֆերանս, որտեղ հավաքվում են հասարակական տարբեր խնդիրների վերաբերյալ ասելիքով մարդիկ ու կիսվում այդ ասելիքներով։
Ո՞վ կարող է պրեզենտացիա անել
Կարող են բոլոր հետաքրքրվածները՝ հասարակագիտական տարբեր ոլորտների ուսանողներից ու դասախոսներից մինչև այլ բնագավառի հետաքրքրություններով, բայց հասարակությանն ուղղակիորեն առնչվող ասելիք ունեցող մարդիկ։
Ո՞վ կարող է լինել ազատ ունկնդիր
Այս տեսանկյունից որևէ սահմանափակում չկա։ Պետք է միայն լինել ազատ և նախապես գրանցվել:)
Ինչպե՞ս է ընթանալու ՍոցՔեմփը
Երկու փուլով՝ պլենար մաս և բուն պրեզենտացիաներ։
- Պլենար մասում հատուկ հրավիրյալ հյուրերն են, ովքեր ոլորտի տարբեր ճյուղերի մասնագետներ են և կարևոր ու մի քիչ էլ փորձագիտական կիսվելիք ունեն։
- Բուն պրեզենտացիաները, այո, հենց բուն պրեզենտացիաներն են։ 🙂
ՀԱՎԵՍ ԼՈՒՐ!
Այս տարի պրեզենտացիաներն անցկացվելու են միջազգային «Պեչակուչա» ֆորմատով։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր պրեզենտացիա պետք է կազմված լինի առավելագույնը 20 սլայդից, որոնք պետք է փոխվեն ավտոմատ կերպով, և որոնցից յուրաքանչյուրը պետք է էկրանին մնա միայն 30 վայրկյան։
Արդյունքում՝ ելույթը չի գերազանցի 10 րոպեն, ընթացքը կլինի առավել դրայվով, հավեսով, հետաքրքիր, իսկ ներկայացնողն ու լսարանը քնելու տարբերակ պարզապես չեն ունենա։ 🙂
Ե՞րբ տեղի կունենա ՍոցՔեմփը
ՍոցՔեմփը կսկսվի հունիսի 25-ին՝ ժամը 10։00-ից, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 301 և 304 լսարաններում։
Ողջ ՍոցՔեմփի ընթացքում բոլորն ազատորեն կարող են տեղափոխվել իրենց նախընտրած լսարանը՝ իրենց հետաքրքրող թեմայի հետքերով։
Ի դեպ
Բոլոր ազատ ունկնդիրները կստանան ՍոցՔեմփի թևկապներ, իսկ ներկայացնողները՝ նաև բեյջեր։
Ի՞նչ է պետք անել մասնակցելու համար
Մասնակցելու համար պարտադիր է գրանցվելը (անկախ նրանից՝ ներկայացնող եք, թե ազատ ունկնդիր):
Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 22 - ներկայացնողների համար հունիսի 23 - ազատ ունկնդիրների համար Գրանցվեք՝ սեղմելով «Register Now» կոճակի վրա։
Մեկնաբանել