Եթե կարդացել եք Parsimony-ի մասին նյութը, ապա կհիշեք, որ ամենավերջում նշել էի գիտական մեթոդի (մի օր անպայման կանդրադառնամ նաև գիտական մեթոդին, չնայած երևի թե ամենասկզբում էր պետք դրանից խոսել) հիմնական սկզբունքների մասին: Այժմ համառոտ կանդրադառնամ դրանցից յուրաքանչյուրին: Եվ պետք է միշտ հիշել, որ եթե ուզում ես որակյալ հետազոտություն անել, ապա միշտ պետք է պահպանես այս սկզբունքները:
Այսպես՝ էմպիրիկորեն ստուգելիություն (empirically testable)
Այս սկզբունքը պահանջում է, որ հետազոտության հիպոթեզը լինի էմպիրիկորեն ստուգելի, այսինքն պետք է հնարավոր լինի հավաքել էմպիրիկ տվյալներ, որոնք կհաստատեն կամ կհակասեն հիպոզեթին:
Կարճ՝ հիպոթեզը կարող է հաստատվել կամ հերքվել տվյալների միջոցով:
Վերարտադրելիություն/կրկնելիություն (replicability)
Սա նշանակում է, որ հետազոտությունը հնարավոր է կրկնել և ստանալ նույն տվյալները: Իսկ եթե սպասված արդյունքը միայն մեկ անգամ կամ շատ քիչ դեպքերում է լինում, ապա արդյունքները, հնարավոր է, ընդամենը պատահականորեն են ստացվել: Այսպիսով՝ կարելի է ասել, որ հիպոփոզը խելամիտ է, եթե այն բազմակի հաստատվում է:
Կարճ՝ հիպոթեզը կարելի է բազմիցս փորձարկել:
Օբյեկտիվություն (objectivity)
Օբյեկտիվությունը թույլ է տալիս այլ հետազոտողներին կրկնել նույն հետազոտությունը, առանց սկզբնական հետազոտողի: Այլ կերպ ասած, օբյեկտիվությունը նշանակում է, որ կապ չունի, թե ով է իրականացնում հետազոտությունը, յուրաքանչյուրը պետք է կարողանա ստանալ նույն արդյուքները, եթե պահում է սկզբնական հետազոտության բոլոր ընթացակարգերը: Բոլոր տարրերը պետք է հստակորեն սահմանված լինեն և սուբյեկտիվ մեկնաբանման տեղ չթողնեն:
Կարճ՝ հիպոթեզը կարող է փորձարկվել այլոց կողմից ևս:
Թափանցիկություն (transparency)
Ինձ համար, երևի թե ամենակարևոր սկզբունքներից է թափանցիկությունը, քանի որ եթե ապահովվում է հետազոտության թափանցիկությունը, ապա որոշ չափով նաև հնարավոր է ապահովել մյուս սկզբունքների պահպանումը ևս: Թափանցիկ լինել նշանակում է նաև օբյեկտիվ լինել: Այս սկզբունքի իմաստն այն է, որ հետազոտողները պետք է հանրային դարձնեն հետազոտության արդյունքները, սահմանված հասկացությունները, գործընթացները և այլ տեղեկատվություն, որը հնարավոր կդարձնի հետազոտության կրկնելիությունը:
Կարճ՝ հիպոթեզն ու արդյունքները հասանելի են դարձվում, որ յուրաքանչյուրը կարողանա փորձարկել:
Ժխտելիություն (falsifiability)
Այս սկզբունքի իմաստն այն է, որ հիպոթեզը պետք է ժխտելի լինի (այստեղ կարող ենք հիշել սպիտակ ու սև կարապների օրինակն ու Կարլ Պոպպերին): Հիպոթեզը ժխտելի է, եթե հնարավոր է գտնել կամ առնվազն պատկերացնել այնպիսի երևույթներ, դիտարկումներ, որոնք կհակասեն դրան: Իսկ եթե չկարողանանք պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել հակասող տվյալները, ապա հիպոզեթը չի կարող նաև հերքվել:
Կարճ՝ հակադիր տվյալներ գտնելը հնարավոր է:
Տրամաբանական համաձայնեցվածություն (logical consistency)
Եվ, վերջապես, վերջին կամ առաջին կամ հերթական սկզբունքը (դասակարգումը նոմինալ սանդղակով է ու իրականում սկզբունքների հերթականությունը կապ չունի) տրաբամանական համաձայնեցվածությունն է: Հիպոթեզը, պետք է տրամաբանորեն համաձայնեցված լինի: Սա նշանակում է, որ չպետք է որևէ ներքին հակասություն լինի, ենթադրությունները չպետք է հակասեն հիպոթեզին, եզրակացությունները նույնպես պետք է տրաբանորեն համաձայնեցված լինեն և այլ:
Կարճ՝ հիպոթեզը ներքին համաձայնեցված է և եզրակացությունը, որը հաստատում կամ հերքում է հիպոթեզը, տրամաբանական է:
Չենք մոռանում՝ եթե ուզում ենք, որ մեր հետազոտությունը և վարկածները լավը լինեն, պետք է քննադատորեն մոտենանք ինչպես մեր, այնպես էլ այլոց հետազոտություններին և լինել բաց ու թափանցիկ:
շուշան ղահրիյան
Մեկնաբանել